ՈՒՍՀ ներկայացուցիչը մասնակցել է միջազգային գիտագործնական համաժողովի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ուսումնական աշխատանքների պատասխանատու Զարուհի Ղալթախչյանը որպես փորձագետ մասնակցել է Մոսկվայում կայացած երեխաների և երիտասարդների նախաձեռնությունների զարգացմանը նվիրված IV միջազգային գիտագործնական համաժողովին։
Համաժողովը կազմակերպվել է «Առաջինների շարժում» (Движение первых) համառուսաստանյան հասարակական-պետական շարժման և Ռուսաստանի կրթության ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ՝ «Մեր ապագան» (Наше будущее) մշակութային-կրթական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
Համաժողովը հարթակ է դարձել երեխաների և երիտասարդների դաստիարակության ոլորտում աշխատող ռուսաստանյան և միջազգային հետազոտողների, փորձագետների ու մասնագետների միջև մասնագիտական երկխոսության և փորձի փոխանակման համար։
Մասնակիցները քննարկել են մանկապատանեկան նախաձեռնությունների զարգացման արդիական հարցերը, նոր սերնդի դաստիարակության և զարգացման ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման հեռանկարները։