ԳԱՈՒՍ-ի ուսուցիչները ՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Թամարա Արուշանովան և ուսուցիչ Լուսինե Հարությունյանը զեկուցմամբ հանդես են եկել Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված «Ռուսագիտությունը ժամանակակից աշխարհում» միջազգային գիտաժողովում։
Գիտագործնական գիտաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել գիտնականների, դասախոսների, երիտասարդ հետազոտողների և ուսանողների Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, եվրոպական և ասիական մի շարք այլ երկրներից։
ԳԱՈՒՍ ուսուցիչների հետազոտությունը՝ «Ուսումնասիրելով Պուշկինին․ գրական խաղը՝ որպես լեզվամշակութային կարողունակության ձևավորման միջոց», նվիրված էր Ա. Ս. Պուշկինի ստեղծագործությունների ուսումնասիրության ամփոփմանն ուղղված վիկտորինային։
Գիտաժողովում քննարկվեց ժամանակակից ռուսագիտության հարցերի լայն շրջանակ՝ սկսած ռուս գրականության պատմությունից և ժամանակակից ռուսաց լեզվի զարգացումից, թարգմանության տեսությունից և միջմշակութային հաղորդակցությունից մինչև արհեստական բանականության ազդեցությունը լեզվի և կրթության վրա։
ԳԱՈՒՍ-ը կարևորում է ուսուցիչների մասնագիտական և գիտական զարգացումը, ինչպես նաև կրթական նոր մեթոդների կիրառումը՝ ուսուցման գործընթացն առավել արդյունավետ և հետաքրքիր դարձնելու նպատակով։