ԳԱՈՒՍ շրջանավարտների միության անդամներն այցելել են հարազատ դպրոց
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի շրջանավարտների միության անդամներ, այժմ Գուբկինի անվան նավթի և գազի Ռուսական պետական համալսարանի ուսանող Վիգեն Սիմոնյանը և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանող Լիանա Դարբինյանը այցելել են հարազատ դպրոց։
Հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը, տնօրենի տեղակալներ Ելենա Ամիրխանյանն ու Էմին Սանթրոսյանը հյուրընկալել են շրջանավարտներին՝ տեղեկանալու նրանց կրթական հաջողությունների մասին։
Շրջանավարտները պատմել են իրենց ուսանողական առօրյայից՝ անդրադառնալով արտերկրում կրթական միջավայրի առանձնահատկություններին և ուսումնական կիսամյակի ընթացքին։
Ա․ Գրիգորյանը հայտնել է, որ շրջանավարտները միշտ սպասված են Հիմնարկում և հանդիսանում են մեծ համայնքի անբաժանելի մասը։
«Շատ ուրախ ենք և հպարտ Ձեր հաջողությունների մասին տեղեկանալով, քանի որ հասկանում ենք, որ մեր ներդրած ջանքերը արդյունք են տվել։ Իմացեք, որ յուրաքանչյուր պահի Ձեր կողքին ենք ու պատրաստ ենք աջակցել յուրաքանչյուր հարցում»,- ասել է տնօրենը։
Շրջանավարտները նշել են, որ մշտապես կապի մեջ են թե՛ համադասարանցիների, թե՛ դասղեկի և թե՛ ուսուցիչների հետ։ Նրանք շեշտել են, որ շատ դժվարություններ հաղթահարելի են հատկապես ՈՒՍՀ-ում ստացած կրթության շնորհիվ։
«Համալսարանական առաջին կիսամյակս բավականին լավ եմ փակել։ Ես շատ հանգիստ եմ զգում ինձ համալսարանում, քանի որ վստահ եմ իմ գիտելիքների ու հմտությունների հարցում»,- նշել է Լ․ Դարբինյանը։
«Շատ եմ սիրել բուհս, այստեղ ես ստանում եմ այն կրթությունը, որը դառնալու է իմ ապագային գրավականը»,- ասել է Վ․ Սիմոնյանը։
Ջերմ զրույցից հետո շրջանավարտների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն դպրոցի բարձր դասարանի աշակերտների հետ կազմակերպել առցանց հանդիպում ՝ մասնագիտական կողմնորոշման հարցում նրանց աջակցելու նպատակով։