Գազպրոմը Լեգոստարտ մրցույթում
Մայիսի 23-ին կայացավ «Լեգոստարտ 2021» մրցույթը, որտեղ Գազպրոմ Արմենիայի դպրոցից մասնակցեցին չորս թիմեր։ Թիմերից յուրաքանչյուրի հետ զրույցում երեխաները պատմել են իրենց թիմում տիրող տրամադրությունների և իրենց առաջ դրված խնդիրների մասին։
Թիմ՝ Գազպրոմ 1
«Մեր թիմին միավորում են ռոբոտաշինության նկատմամբ սերն ու մաթեմատիկան․ մենք մեծ հետաքրքրությամբ ենք մոտենում մեր առջև դրված նոր խնդիրներին։ Չնայած նրան, որ թիմի բոլոր անդամներս էլ տիրապետում ենք մրցույթի բոլոր փուլերում պահանջվող պայմաններին՝ մեզնից 2-ը պատասխանատու են ռոբոտի հավաքման, իսկ 3-րդը՝ ծրագրավորման համար։
Մենք շատ կուզենայինք ռոբոտ ստեղծել, որը կկարողանար ոչնչացնել օդում գտնվող վիրուսները՝ Նախքան վերջիններս կհասցնեին վնասել մարդկանց առողջությանը։
Եթե մենք հաղթենք «Լեգոստարտ» մրցույթում, ապա նույն օրը կազմակերպված երեկույթի ժամանակ պարելով շամպայն կբացեինք ռոբոտի վրա»։
Թիմ՝ Գազպրոմ 2
«Մենք շատ ենք սիրում թիմով աշխատել, քանի որ իրական թիմում ամեն անդամ ունի իր դերը, և մեկը մյուսին լրացնելով աշխատանքն ավելի արդյունավետ է ստացվում։ Բացի ռոբոտաշինությունից հետաքրքրված ենք նաև նկարչությամբ։ Մեր թիմի բոլոր անդամներն էլ շատ ստեղծարար են, և մենք փորձելու ենք անել ամեն հնարավորը, որ հաղթենք։
Կուզենայինք ռոբոտ ստեղծել, որը կկարողանար կատարել տնային աշխատանքները երեխաների փոխարեն։
Եթե մենք լինենք մրցույթի հաղթողները, ապա ուրախությունից շատ բարձր կբղավենք»
Թիմ՝ Գազպրոմ 3
«Շատ մեծ հետաքրքրությամբ որոշեցինք մասնակցել «Լեգոստարտ» մրցույթին։ Թիմում արել ենք աշխատանքի բաժանում, և ամեն մեկն հաճույքով է անում իր գործը։ Մեր թիմում ամենաստեղծարարը Էրիկան է, ով անընդհատ տարբեր սարքեր է հորինում։ Թիմով շատ ենք սիրում նաև համակարգչային խաղեր խաղալ։
Մենք ցանկանում ենք ստեղծել ռոբոտներ, որոնք կմաքրեն օվկիանոսն աղբից։ Եթե հաղթենք մրցույթում, ապա ուրախությունից ուժեղ կգոռանք»:
Թիմ՝ Գազպրոմ 4
«Մրցույթի մասին իմացել ենք ռոբոտաշինության խմբակավարից և բոլորով որոշել ենք մասնակցել։ Մեզ շատ հաճելի է թիմով աշխատելը, որովհետև մեզնից յուրաքանչյուրն անում է իր սիրած գործը։ Մեր թիմի ամենաստեղծարար անդամն Արսենն է․ նա անընդհատ տարբեր ռոբոտներ նախագծելու հետաքրքիր գաղափարներ է ունենում։ Բացի ռոբոտներ նախագծելուց, մենք նաև սիրում ենք թիմով զարգացնող խաղեր խաղալ։
Ուզում ենք հնարավորության դեպքում ստեղծել խելացի ռոբոտներ, որոնք ծառեր կտնկեն, որպեսզի վերականգնեն կանաչ տարածքները։
Եթե հաղթենք «Լեգոստարտ» մրցույթում, թիմով էքստրիմ պարկ կգնանք»:
Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել չորրորդ թիմը։ Նրանց՝ էքստրիմ պարկ գնալու ցանությունն իրականություն դարձրեց դպրոցի տնօրեն Ա․Գրիգորյանը, ով երեխաներին նվիրեց «Երևան պարկ»-ի տոմսեր։