Գրական արկածներ՝ շոկոլադի աշխարհում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տարրական դպրոցի 3-րդ «դ» և «ե» դասարանների աշակերտները մասնակցել են գրադարանավարուհի Մանե Բաբաջանյանի կողմից նախաձեռնված Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» գրքի քննարկմանը, որը համատեղել է ընթերցանությունը, ստեղծագործական բացահայտումներն ու հաճելի անակնկալները։

Քննարկման ընթացքում երեխաները բացահայտել են Վիլի Վոնկայի կախարդական աշխարհի գաղտնիքները, անդրադարձել գրքի հերոսներին, նրանց վարքագծին և կայացրած որոշումներին։ Զրույցի առանցքում էին բարությունը, ազնվությունը, երազանքները և այն արժեքները, որոնք կարևոր են ոչ միայն գրքի էջերում, այլև առօրյա կյանքում։

Հանդիպումը գրքի սյուժեն վերապատմելուց ավելին էր․ այն հնարավորություն էր տալիս աշակերտներին արտահայտելու սեփական կարծիքը, քննարկելու հերոսների ընտրությունները և գրական պատմությունը կապելու իրենց փորձի հետ։

Իսկ գրական արկածի ավարտին փոքրիկ ընթերցասերներին սպասում էին Վիլի Վոնկայի շոկոլադե կոնֆետներն ու ոսկե տոմսերը, որոնք դասարնները կարող են օգտագործել մեկ տարվա ընթացքում մեկ անգամ, ինչպես ցանկանան։ ️

Ըստ գրադարանավարուհու՝ այսպիսի հանդիպումները նպաստում են ընթերցանության հանդեպ հետաքրքրության ձևավորմանը՝ ցույց տալով, որ գիրքը կարող է դառնալ ոչ միայն գիտելիքի, այլև երևակայության, քննարկումների և միասին բացահայտումներ անելու աղբյուր։