Հանուն հայ զինվորի․ ԳԱՈՒՍ-ից՝ Զինվորի տուն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում կայացած բարեգործական տոնավաճառի ընթացքում մեր աշակերտների և նրանց ծնողների կողմից հավաքագրված գումարը տրամադրվել է Զինվորի տանը։
Նվիրատվության հավաստագիրը կենտրոնին հանձնելու նպատակով դպրոցի աշակերտական խորհուրդը, Հիմնարկի տնօրենի տեղակալ Էմին Սանթրոսյանի, լրացուցիչ կրթության պատասխանատու Թամարա Բաղդասարյանի և մարքեթինգի գծով գլխավոր մասնագետ Մարինե Առաքելյանի ուղեկցությամբ, այցելել է Զինվորի տուն։
Պատվիրակությունը շրջել է կենտրոնում, ծանոթացել զինհաշմանդամների վերականգնողական գործընթացն իրականացնող հաստատության նոր պայմաններին և զինվորներին տրամադրվող ծառայություններին։
Շրջայցից հետո ՈՒՍՀ տնօրենի տեղակալ Է. Սանթրոսյանը կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին է հանձնել ավանդույթ դարձած նվիրատվությունը փաստող հավաստագիրը, իսկ աշակերտական խորհրդի անդամները Զինվորի տան տղաների հետ միասին բեկորներ են ամրացրել Սարյանի «Հայաստան» կտավի խճանկարին։
Որպես արդեն ձևավորված բարի ավանդույթների խորհրդանիշ՝ այս տարի կենտրոնի «Զինվորի տան 2026 թվականի բարեկամներ և գործընկերներ» պատի վրա ամրացվել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ցուցանակը։