Հայաստանի ՏՏ ոլորտում «Լավագույն աշակերտ» անվանակարգում առաջին կարգի մրցանակակիրը կրկին ԳԱՈՒՍ–ից է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 2024–2025 ուսումնական տարվա շրջանավարտ Էդմոն Մակարյանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից կազմակերպված Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների 21-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն աշակերտ» անվանակարգում արժանացել է 1-ին կարգի մրցանակի։

Մրցույթին մասնակցել է 126 մասնակից, որոնցից պարգևների են արժանացել 27 ուսանող և 9 աշակերտ։

Մենք զրուցել ենք Էդմոնի հետ դպրոցում ստացած գիտելիքների, կրթության մասին նրա պատկերացումների, ինչպես նաև ապագայի պլանների մասին։

— Դուք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ նպատակային համաձայնագիր եք կնքել, որի արդյունքում ուսման վարձի ամբողջական փոխհատուցմամբ սովորել եք մեր կրթահամալիրի 12-րդ դասարանում, իսկ հիմա շարունակում եք ուսումը Մոսկվայում՝ Ի. Մ. Գուբկինի անվան Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանում։ Ի՞նչը նպաստեց այս որոշման կայացմանը։

— Երբ տեղեկացա այս հնարավորության մասին, հասկացա, որ այն կարող է դառնալ իմ ապագայի ընտրությունը։ Ըստ համաձայնագրի՝ ես պիտի սովորեի Ռուսաստանի լավագույն համալսարաններից մեկում, իսկ այնուհետև վերադառնայի Հայաստան ու աշխատեի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում։ Սա շանս է, որը բաց թողնել չէր կարելի։

— Բացի հիմնական գիտելիքներից, ի՞նչ նշանակություն է ունեցել կրթահամալիրում սովորելը Ձեզ համար։

— Կրթահամալիրում ես մեծ առաջընթաց եմ ապրել, քանի որ այստեղ ստացած կրթությունը իմ ապագայի մեջ մեծ ներդրում է ունեցել։ Մասնավորապես՝ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից խորացրել եմ գիտելիքներս։ Մեր դպրոցում ես ավելի ինքնավստահ ու լավ առումով ամբիցիոզ եմ դարձել։ Ընդլայնվել է իմ շրջապատը, ինչպես նաև փոխվել է մարդկանց հանդեպ վերաբերմունքս։ Ես երեք դպրոց եմ փոխել, և ամեն անգամ բախվել եմ նոր միջավայրի։ Իհարկե, դժվար է նորից ու նորից հարմարվելը։ Սակայն հենց այս դպրոցում ես ավելի շփվող ու անմիջական դարձա։ Համադասարանցիներս ու ջերմ մթնոլորտը օգնեցին, որ ես շուտ գտնեմ իմ տեղը։ Ինքս էլ չէի պատկերացնում, որ այդքան արագ կմտերմանամ դասընկերներիս ու դպրոցիս հետ։ Պիտի ասեմ, որ այստեղի կրթական համակարգը նախապատրաստել է ինձ բուհական կյանքին, իսկ ուսուցիչներն էլ մշտապես պատրաստ են պատասխանել բոլոր հարցերիս։ Կրթահամալիրի հետ մշտապես պահում եմ կապը։ Դասղեկս, ուսուցիչներս ու դպրոցի ղեկավարությունը մշտապես հետաքրքրվում են իմ անձնական ու կրթական հաջողություններով։

— Սպասելի՞ էր դառնալ Հայաստանի Հանրապետության ՏՏ ոլորտի լավագույն աշակերտ։

— Շատ անսպասելի էր, անկեղծ։ Շատ ուրախ եմ, բայց նաև զգում եմ, թե ինչ պարտավորեցնող մրցանակ է։

— Ի՞նչ փոխեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքած համաձայնագիրը Ձեր կյանքում։

— Ես հպարտ եմ եղել, որ արժանացել եմ կրթաթոշակի։ Դա շատ է պարտավորեցնում, բայց ես այդ պատասխանատվությունից չեմ խուսափում։ Գիտակցում եմ, որ լինելով կրթաթոշակակիր՝ պիտի բարձր պահեմ դպրոցի ու հիմնարկի պատիվը։

— Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել այլ երկրում սովորելու ընթացքում։

— Հայրենիքից հեռու ապրելն ու սովորելը, իհարկե, բարդ է։ Թողնում ես այստեղ ընկերներիդ, հարազատներիդ։ Սակայն հարմարվելու հարցում ինձ շատ է օգնել այն, որ Հայաստանից և մեր դպրոցի շրջանավարտներից իմ բուհում ևս ուսանողներ կան, ովքեր օգնում ու աջակցում են ինձ բոլոր հարցերում։

— Ինչպիսի՞ մասնագետ եք պատկերացնում Ձեզ ապագայում։

— Միշտ ասել եմ, որ ինձ համար առաջնայինը մարդկային որակներն են։ Հինգ տարի հետո ես կլինեմ առաջին հերթին լավ մարդ, ապա՝ իմ մասնագիտությանը լավ տիրապետող մասնագետ, ով օգուտ է բերում իր երկրին։

— Ի՞նչ խորհուրդ կտաք այն աշակերտներին, որոնք նույնպես հավակնում են համաձայնագիր կնքել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ։

— Երբեք չհանձնվել, որովհետև դժվարությունները շատ են ու միշտ։ Եթե ամեն դժվարությունից ընկճվենք՝ տեղ չենք հասնի։ Այն մարդկանց, ովքեր կարժանանան կրթաթոշակի, պիտի ասեմ, որ ճանապարհի կեսին կանգնել չի կարելի։ Պետք է շարունակել, և միայն այդ դեպքում հաջողությունը հնարավոր կդառնա։