Հրաժեշտ ԳԱՈՒՍ մանկապարտեզին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մանկապարտեզի ավագ խմբերի սաները տոնական միջոցառման ընթացքում հրաժեշտ են տվել սիրելի կրթօջախին։ 

Երգերի, պարերի, ասմունքի և տարբեր բեմական ներկայացումների միջոցով երեխաները ցուցադրել են իրենց գիտելիքները, հմտություններն ու ստեղծագործական կարողությունները՝ ապացուցելով, որ պատրաստ են կյանքի նոր՝ դպրոցական փուլին։

Միջոցառման ավարտին սաներին շնորհավորել են հարազատ դաստիարակները

«Սիրելիներս, մենք այսօր ավարտեցինք այն հեքիաթը, որ հյուսել էինք չորս տարի առաջ։ Այս տարիների ընթացքում մենք միասին ուրախացանք և տխրեցինք, խաղացինք և սովորեցինք, ունեցանք դժվարություններ և հաղթանակներ։ Իսկ այսօր ձեր աչքերում արդեն վստահություն կա, ձեր խոսքերում՝ համարձակություն, ձեր սրտերում՝ մեծ երազանքներ։ Դուք պատրաստ եք նոր ճանապարհի, և ես հավատում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կգտնի իր տեղը կյանքում։

Իմ սիրելի սաներ, թող դպրոցական կյանքը լի լինի նոր գիտելիքներով, հաջողություններով և ձեռքբերումներով, թող ձեր ճանապարհը հարթ և լուսավոր լինի, թող իրականանան ձեր բոլոր երազանքները, իսկ մանկապարտեզը թող մնա ձեր սրտերում որպես ձեր մանկության ամենավառ և ամենաջերմ հուշերից մեկը»,- նշել է հայկական խմբի դաստիարակ Անահիտ Խաչատրյանը։

Միջոցառման հոլովակը կարող եք դիտել այստեղ։

«Թվում է, թե դեռ երեկ եք եկել մանկապարտեզ՝ փոքր, ամաչկոտ երեխաներ, իսկ այսօր արդեն մենք մեր առջև տեսնում ենք խելացի, գեղեցիկ, տաղանդավոր և հասուն սաների։ Այս տարիների ընթացքում մենք սովորել ենք ընկերներ լինել, երազել, օգնել միմյանց, տոնել հաջողությունները և հաղթահարել մարտահրավերները։ Ձեզանից յուրաքանչյուրը մեր խմբում թողել է իր սրտի մի կտորը, և հավերժ կմնա մեր հիշողության մեջ։

Սիրելի՛ շրջանավարտներ, այսօրվանից ձեր առջև նոր ճանապարհ է բացվում՝ դպրոց: Թող այն լինի հետաքրքիր, բարի և երջանիկ: Մաղթում եմ ձեզ լավ և հավատարիմ ընկերներ, նոր գիտելիքներ և մեծ նվաճումներ: Երբեք մի վախեցեք երազել, հավատացեք ինքներդ ձեզ և հիշեք, որ դուք կհաջողեք: Թող մանկապարտեզը մնա ձեր սրտերում տաք ու պայծառ հիշողություն։ Բարի ճանապարհ»,- նշել է ռուսական խմբի դաստիարակ Լիլյա Շագանը։

Միջոցառման հոլովակը կարող եք դիտել այստեղ։