«Ямолод» դպրոցի ներկայացուցիչներն այցելել են ԳԱՈՒՍ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ավագ դպրոցի աշակերտները հյուրընկալել են ՌԴ Յամալո-Նենեց ինքնավար շրջանի «Ямолод» դպրոցի ներկայացուցիչներին և սաներին։
«Ямолод» դպրոցը, որն իրականացվում է ՌԴ պետական հովանավորչությամբ, միավորում է ինքնավար շրջանի տարբեր բնակավայրերի դպրոցականների և երիտասարդների՝ նպաստելով նրանց կրթությանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը տարբեր ոլորտներում։
Դպրոցի պատվիրակությանը դիմավորել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը, ՈՒՍՀ ղեկավարության մյուս անդամներն ու աշակերտական խորհրդի ներկայացուցիչները։
Ա․ Գրիգորյանը ներկայացրել է Կրթահամալիրը, հիմնադրման պատմությունն ու գործունեության հիմնական ուղղությունները, տեսլականն ու գրանցած հաջողությունները, այնուհետև պատասխանել է հյուրերի հարցերին։
Յամալո-Նենեց ինքնավար շրջանի երիտասարդական քաղաքականության վարչության ներկայացուցիչ Եվգենիա Ծիտովսկայան շնորհակալություն է հայտնել Հիմնարկի ղեկավարությանը ջերմ ընդունելության համար և նշել, որ այցը կարող է լավ հիմք դառնալ հետագա համագործակցության հեռանկարները քննարկելու համար։
Այցի երկրորդ հատվածում Եվգենիա Ծիտովսկայան «Ямолод» դպրոցի աշակերտների հետ միասին մեր սաներին է ներկայացրել կրթական հաստատության գործունեության ուղղություններն ու ուսումնառողների գրանցած հաջողությունները։
Հանդիպման ավարտին երկու հաստատությունների սաները մասնակցել են երիտասարդական պարային ֆլեշմոբի։