«Մեկ ծառ՝ հազար խոստում». բնապահպանական նախագծային աշխատանք ԳԱՈՒՍ մանկապարտեզում

Բնապահպանության և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մանկապարտեզի ավագ խմբի սաներն իրականացրել են «Մեկ ծառ՝ հազար խոստում. մանուկների սրտերից՝ մանուկների ձեռքերով» խորագրով նախագծային աշխատանք։

Նախագիծը երեխաների համար դարձել է ճանաչողության, ստեղծագործելու, համագործակցելու և բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելու հնարավորություն։ Դաստիարակի և օգնականների ուղեկցությամբ սաները ծանոթացել են բնության, բույսերի, միջատների, կենդանիների, ջրի և շրջակա միջավայրի պահպանության կարևորությանը՝ սովորելով ստացած գիտելիքները կիրառել առօրյա կյանքում։

Նախագիծը բաղկացած է եղել թեմատիկ օրերից, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր խորագիրն ու խորհուրդը։ Դրանց ընթացքում երեխաները ոչ միայն ուսումնասիրել են բնության երևույթները, այլև գործնականորեն մասնակցեցել տարբեր աշխատանքների՝ սերմեր ցանել, ջրել ու խնամել բույսերը, զբաղվել վերամշակմամբ, սովորել չվնասել բնությունը և պահպանել շրջակա միջավայրը։

Թեմատիկ օրերն ուղեկցվում էին բնապահպանական կարևոր ուղերձներով.

«Մաքուր բնությունը սկսվում է մեր փոքրիկ ձեռքերից»․ երեխաները սովորեցին, որ յուրաքանչյուր թափված աղբ հավաքելը հոգատարության դրսևորում է և փոքրիկ քայլ՝ դեպի մաքուր ու առողջ ապագա։

«Այն, ինչ թվում է անպետք, կարող է նոր կյանք ստանալ մեր ձեռքերով»․ վերամշակման միջոցով սաները բացահայտեցին իրերի կրկնակի օգտագործման հնարավորությունները։

«Փոքրիկ սերմից՝ նոր կյանք»․ երեխաները սերմեր ցանեցին և հասկացան, որ փոքրիկ սերմը կարող է վերածվել մեծ ու գեղեցիկ բույսի։

«Կապտաթիթեռն ու Կարմիր գրքի գաղտնիքները»․ ծանոթացան հազվագյուտ տեսակների պահպանության կարևորությանը՝ գիտակցելով, որ բնության ամենափոքր բնակիչն էլ իր դերն ունի կյանքի մեծ շղթայում։

«Ջրի կաթիլի ճամփորդությունը»․ սովորեցին խնայել ջուրը և գնահատել դրա նշանակությունը կյանքի համար։

«Բնության փոքրիկ պահապանները»․ համոզվեցին, որ բնության պահպանությունը սկսվում է ոչ թե մեծ խոսքերից, այլ ամենօրյա փոքրիկ բարի գործերից։

«Բնության շնորհակալությունը»․ ևս մեկ անգամ անդրադարձան մարդուն և բնությանը կապող փոխադարձ հոգատարությանն ու պատասխանատվությանը։

Ըստ նախագծի ղեկավար, դաստիարակ Մերի Սիլակյանի՝ աշխատանքն այս կերպ հնարավոր դարձավ իրագործել արձակուրդների ընթացքում ՈՒՍՀ մանկապարտեզում իրականացված վերապատրաստման միջոցով, որի շնորհիվ ձեռք բերած նոր հմտությունների շնորհիվ այս նախագիծն իրականացնել է ավելի  երեխայակենտրոն մոտեցմամբ, որտեղ երեխան ոչ թե պարզապես գիտելիք ստացող էր, այլ ակտիվ հետազոտող, բացահայտող, արարող  և ստեղծագործող։

«Աշխատանքի ամենամեծ ձեռքբերումը երեխաների սրտերում բնության հանդեպ սեր, հոգատարություն և պատասխանատվություն սերմանելն էր։ Թող մանուկների սրտերից բխող յուրաքանչյուր խոստում դառնա բարի գործ, յուրաքանչյուր բարի գործ՝ կանաչ ապագայի սկիզբ»,- նշել է նա։

Մեկ ծառից սկսված փոքրիկ պատմությունը վերածվել է հազար բարի խոստումների, իսկ խոստումները՝ իրական գործերի։ Նախագիծը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ բնապահպանական գիտակցությունն ու պատասխանատու վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ ձևավորվում են դեռ վաղ մանկությունից։

Բնության ապագան սկսվում է հենց այսօր՝ մեր փոքրիկների մեծ սրտերից։