Մեր կրթահամալիրը՝ Աշխարհի լավագույն դպրոցների թոփ 10-ում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը ճանաչվել է աշխարհի լավագույն դպրոցներից մեկը՝ ընդգրկվելով կրթության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային մրցանակաբաշխություններից մեկի՝ «World's Best School Prizes 2026»-ի «Supporting Healthy Lives» անվանակարգի լավագույն տասնյակում։
Բրիտանական «T4 Education» կազմակերպության կողմից իրականացվող այս մրշանակաբաշխության նպատակն է բացահայտել և ներկայացնել այն դպրոցները, որոնք ոչ միայն ապահովում են բարձրորակ կրթություն, այլև ունեն իրական և երկարաժամկետ ազդեցություն երեխաների, ընտանիքների և հասարակության զարգացման վրա՝ ձևավորելով կրթության նոր որակ և արժեքային համակարգ։
Մրցույթին մասնակցելը ամրագրված է հիմնարկի 2025-2030 թթ․ Զարգացման ռազմավարական ծրագրում, և այս տարի՝ դիտելով երրորդ անգամ, սպասված արդյունքը հասանելի դարձավ՝ կրթահամալիրը հայտնվեց աշխարհում լավագույնների թոփ 10։
Այս միջազգային ու պատմական ձեռքբերումը նշելու համար Հիմնարկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ղեկավարություն մասնակցությամբ կայացել է տոնական միջոցառում, որին հրավիրված էին ՈՒՍՀ համայնքի ներկայացուցիչներ՝ աշակերտներ, շրջանավարտներ, ծնողներ, գործընկերներ ու հյուրեր։
Մրցանակաբաշխությունից հետո հյուրերին շնորհավորել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Աշխատակազմի ղեկավար — գործերի կառավարիչ, ՈՒՍՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Ստեփանյանը։ Նա նշել է, - ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ընդգրկումը աշխարհի լավագույն դպրոցների շարքում վկայում է, որ նպատակասլաց աշխատանքը, ժամանակակից մոտեցումները և կրթության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարող են բերել ամենաբարձր արդյունքների»։
Վ․ Ստեփանյանը հավելել է, որ այս հաջողությունը տարիների հետևողական աշխատանքի, մանկավարժների նվիրվածության, սովորողների ձգտումների և ծնողների վստահության արդյունքն է, ինչպես նաև ապացույց, որ ուսման մեջ կատարված ներդրումը լավագույն ներդրումն է ապագայի համար։
Միջոցառման ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին պատմական պահը կիսելու համար, այնուհետև նշել է, - «Այսօր մենք ստացել ենք բարձր գնահատական։ Սակայն այս հաղթանակը մեր ճանապարհի ավարտը չէ։ Ընդհակառակը՝ այն նոր պատասխանատվություն է։ Պատասխանատվություն՝ շարունակելու ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա հավատալ իր ուժերին, զարգացնել իր տաղանդը և դառնալ արժանապատիվ, ստեղծագործ ու երջանիկ մարդ»։
Շնորհավորական խոսքերով հանդես են եկել նաև Հիմնարկի աշակերտական ու ծնողական համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառման պաշտոնական մասն ավարտվել է աշխարհի տարբեր երկրներում սովորող ՈՒՍՀ շրջանավարտների տեսաուղերձով և տարրական դպրոցի սովորողների հաղթական պարով։
Միջոցառման տոնական մասը շարունակվել է բակում՝ ազգային երգ ու երաժշտությամբ։