Աշակերտներն աշակերտների համար․․․
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին՝ 2019թ․-ի դեկտեմբերի 19-ին, կազմակերպվել էր բարեգործական ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին կրթահամալիրի աշակերտների ձեռագործ իրերը՝ նկարներ, կավից և այլ նյութերից պատրաստված տոնական զարդարանքներ, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը 2020թ․-ի հունվարի 13-ին կրթահամալիրի ներկայացուցիչների՝ Արամ Դարբինյանի, Էմին Սանթրոսյանի և Պարույր Վարդերեսյանի միջոցով փոխանցվեց Տավուշի մարզի, Չորաթան գյուղի՝ Ա․ Ուդումյանի անվան միջնակարգ դպրոցին։ Դպրոցի համար՝ ըստ իրենց կարիքների, ձեռք էին բերվել ջեռուցման սարքավորումներ, վերանորոգման համար անհրաժեշտ շինարարական նյութեր, գրենական պիտույքներ։
Կրթահամալիրի դպրոցի ուսումնական աշխատանքների պատասխանատու Է․ Սանթրոսյանն իր խոսքում ասաց․ «Մեր համալիրի տնօրինությունը կարևորում է նմանատիպ միջոցառումները, հատկապես, երբ դրանց իրականացնողներն են նաև մեր աշակերտները, այս կերպ աշակերտների մոտ կձևավորենք սեփական աշխատանքով ուրիշներին օգնելու մշակույթը, որը մարդկային կարևորագույն հատկանիշներից է։ Շատ տպավորված եմ այս այցով, աշակերտների ու դպրոցի անձնակազմի ընդունելությամբ և ջերմ մթնոլորտով՝ չնայած առկա բազում խնդիրների։ Հուսանք, այսպիսի միջոցառումների շնորհիվ կկարողանանք օգնության ձեռք մեկնել սահմանապահ համայնքների դպրոցներին, որտեղ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ապրում ու արարում են իրենց հողին ու իրենց գործին նվիրված մարդիկ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում և՛ մեր աշակերտներին ու նրանց ծնողներին, և՛ մեր աշխատակիցներին ահմանապահ Չորաթանի միջնակարգ դպրոցին օժանդակելու համար, քանի որ դպրոցն, ինչպես տեսնում ենք, ունի այս նյութական օժանդակության կարիքը»։
Սահմանապահ Չորաթանի միջնակարգ դպրոցում մեր կրթահամալիրի անձնակազմին դիմավորեցին դպրոցի ողջ կազմով և հայրենասիրական բնույթի միջոցառմամբ։