«Tête-à-tête» մեր սաների հետ․ Սերգեյ Գասպարյան
«Tête-à-tête մեր սաների հետ» հարցազրույցների շարքի մեկնարկը մեր դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Գասպարյան Սերգեյի հետ ունեցած մեր զրույցն է։ Մենք փորձեցինք ավելի լավ ճանաչել Սերգեյին, հասկանալ, թե ինչպիսին է նա դասից դուրս, որոնք են նրա նախասիրություններն ու նպատակները։
-Ի՞նչպես ես նախընտրում, որ քեզ դիմեն։
- Սիրում եմ, որ ինձ դիմում են Յոժ։
-Ի՞նչ կուզես, որ քո մասին բոլորն իմանան։
-Ուզում եմ բոլորն իմանան, որ ես խելացի եմ։
-Ո՞ր մասնագիտություններն են քեզ հետաքրքրում։
-Սիրում եմ բժշկի ու ֆուտբոլիստի մասնագիտությունները։ Ուզում եմ դառնալ սրտի բժիշկ։
-Իսկ ինչու՞ հենց սրտաբան։
-Մամաս բժիշկ է, ինքն է խորհուրդ տալիս։
-Ինչպե՞ս ես ընտրում քո ընկերներին։
-Ընկերներիս ընտրում եմ իրենց պահվածքով։
-Ավելի շատ սիրում ես շփվել մեծերի՞, թե՞ փոքրերի հետ։
-Ինձ ավելի շատ հաճելի է շփվել մեծերի հետ քան փոքրերի, որովհետև մեծերն ամեն ինչ հասկանում են։
-Ի՞նչն եք հաճախ քննարկում ընկերներով։
-Ըկերներիս հետ խոսում եմ խաղերից ու դասերից։
-Որտե՞ղ կուզեիր ծնվել, եթե քեզ տրվեր նորից ծնվելու հնարավորություն։
-Եթե ունենայի նորից ծնվելու հնարավորություն, կուզեի նորից ծնվել Հայաստանում, որովհետև սա է իմ հայրենիքը։
-Իսկ ի՞նչ կուզես անել Հայաստանի համար։
-Ուզում եմ դառնալ նախագահ ու մեծացնել տարածքները։
-Կա՞ մի սպորտաձև, որով զբաղվում ես։
- Ես ընտրել եմ բոքսը, որպեսզի լինեմ ուժեղ, կարողանամ պաշտպանվել և նաև օգնել թույլերին։ Օրինակ հիմա, երբ մեկը վիրավորում է աղջիկներին, ես նրանց պաշտպանում եմ։
-Ի՞նչպես են անցնում քո հանգստյան օրերը։
-Հանգստյան օրերին սիրում եմ քայլել կենտրոնով հետո գնում եմ հայրիկիս աշխատանքի վայր, օգնում եմ նրան։
-Ի՞նչ խորհուրդներ են տալիս քեզ քո տատիկներն ու պապիկները։ Լսու՞մ ես նրանց։
-Տատիկներիս ու պապիկներիս խորհուրդներին հետևում եմ բացի մեկից։
-Ո՞րն է այդ խորհուրդը, որին հրաժարվում ես հետևել։
-Այն, որ միշտ ասում են գիրք կարդա։
-Իսկ կա՞ գիրք, որը դու հավանել ես։
-Գրքերից հավանել եմ մեկը, որտեղ պատմում էին այնպիսի կենդանիների մասին, որոնք իրականում չկան։
-Ի՞նչ խորհուրդ կտաս քո հասակակիցներին։
-Իմ հասկակիցներին խորհուրդ կտամ իրար հետ չկռվել ու կարդալ կենդանիների մասին գրքեր։
-Ի՞նչ է քեզ անհրաժեշտ երջանիկ լինելու համար։
-Ամեն ինչ ունեմ։
Այսպիսին էր Սերգեյը, կամ ինչպես նա սիրում է՝ Յոժը։