«Ֆուտբոլում հաջողության հասնելու համար կարևորը կարգապահությունն է»․ Արաս Օզբիլիզ
Մեր Ուսումնա-սպորտային համալիրի ֆուտբոլի խմբակի հերթական դասին երեխաները կրկին մեծ ոգևորությամբ ցանկանում էին միանգամից ֆուտբոլ խաղալ, սակայն մինչ այդ կարևոր է տեխնիկական վարժությունների յուրացումը։
«Երեխաների համար այս տարիքում կարևորը տեխնիկան յուրացնելն է, պարապելն է՝ չնայած շատերը միանգամից ցանկանում են ֆուտբոլ խաղալ։ Կարևորը գնդակով վարժությունները լավ կատարելն է, հետո միայն կարող են խաղալ»,-ասում է ֆուտբոլի ուսուցիչ, հանրաճանաչ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։
Ֆուտբոլում հաջողության հասնելու համար ամենակարևորը խաղը շատ սիրելն ու հաճույքով խաղալն է․ մնացած ամեն ինչ կստացվի։
«Ֆուտբոլ խաղալիս կարևոր է սիրելով խաղալ և հաճույք ստանալ խաղից։ Նույնիսկ տաղանդը կարևոր չէ, երբ կա ձգտում և ցանկություն լավ ֆուտբոլիստ դառնալու,-ասում է Արաս Օզբիլիզն ու հավելում,-երբեմն նրանք, որոնք առաջին հայացքից թվում է՝ տաղանդ չունեն, կարող են ավելի շատ հաջողություններ գրանցել զուտ կամքի և աշխատասիրության շնորհիվ, ուղղակի տաղանդավորը միշտ մեկ քայլ առաջ է։ Բայց եթե տաղանդը չի օգտագործում, չի զարգացնում, միայն դրա վրա հույս դնել չի կարող»։
Ֆուտբոլում հաջողության հասնելու ամենակարևոր գործոններից է նաև կարգապահությունը․
«Պետք է ամեն ինչ թողնես ու կենտրոնանաս ֆոտբոլի վրա։ Եթե ուզում ես հաջողության հասնել, պետք է գիտակցես, որ շատ բաներից էլ քեզ պետք է զրկես։ Շատերն են ուզում ֆուտբոլիստ դառնալ, բայց կարևորն այն է, թե ինչ են անում դրա համար»,-նշեց Արաս Օզբիլիզը։