Տյառնընդառաջի տոնը՝ մեր համալիրում
Մեր համալիրի սաներն ուրախ տրամադրությամբ, երգ ու պարով նշեցին Տյառնընդառաջի տոնը։Նրանք ծանոթացան տոնի հիմնական խորհրդին, ցատկեցին համալիրի բակում վառված խարույկի վրայով:
Ի դեպ, մանկապարտեզում տոնական պատրաստությունները մեկնարկել էին դեռևս նախօրեին։ Երեխաները միասին պատրաստել էին Տյառնընդառաջի տոնական սեղանն ու համտես կազմակերպել, զարդարել տոնի խորհրդանիշներից՝ կենաց ծառը։
Հին հայկական ավանդության համաձայն՝ եկեղեցական տոների ժամանակ բակերում պարել են նաև ազգային պարեր։ Մեր դպրոցի սաները՝ հետևելով ավանդույթին, խարույկի շուրջ պարեցին «Կարնո Քոչարի», «Թամզարա» և «Ծաղկաձորի» պարերը, որոնք սովորել են «Պար» առարկայի շրջանակում։
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդից 40 օր հետո նշում է մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։
Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տառինջ-տառինջ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։
Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: