ՈՒՍՀ ղեկավարությունը ընդունել է ՌՀՕ Եվրոպայի բաց առաջնության բրոնզե մեդալակիրներին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի «BigBots» թիմը մասնակցել է Սլովենիայում կայացած Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի Եվրոպայի բաց առաջնությանը և նվաճել բրոնզե մեդալ։
Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը և ղեկավարության մյուս անդամները հյուրընկալել են թիմի ղեկավար, Կրթահամալիրի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արթուր Ավագյանին, թիմի մարզիչ, «Համակարգչային գիտություն» ու «Լեգո-ռոբոտիկա» առարկաների ուսուցչուհի Մարիա Լիսիցինային և թիմի անդամներ 3-րդ ե դասարանի աշակերտ Գարեգին Ավետիսյանին, 5-րդ գ դասարանի աշակերտ Գագիկ Հարությունյանին ու 6-րդ դ դասարանի աշակերտ Մայքլ Առուստամյանին։
Ա․ Գրիգորյանը նախ շնորհավորել է թիմին նշանակալի իրադարձության կապակցությամբ, ապա նշել, որ նման հաղթանակները ոգևորիչ են և պիտի շարունակական լինեն։
«Մենք մշտապես մեծ ուշադրության ենք արժանացրել կրթական ծրագրերում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությանը։ Կրթահամալիրի համար այսօրինակ գիտելիքներ տրամադրելը ունի ռազմավարական նշանակություն, և մենք ուրախ ենք տեսնել արդյունքներ։ Ձեր նվաճումը շատ ոգևորիչ է Կրթահամալիրի մյուս սաների համար, որոնք այսուհետ ձգտելու են նույնպես հանդես գալ միջազգային մրցույթներում։ Շնորհավորում եմ Ձեզ և վստահ եմ, որ հաղթանակները շարունակական են լինելու»,- նշել է Հիմնարկի տնօրենը։
ՈՒՍԿ ղեկավարության մյուս անդամները ևս շնորհավորել են աշակերտներին ու հետաքրքրվել առաջնության անցկացման մանրամասների մասին։
«BigBots» թիմի անդամները կիսվել են իրենց տպավորություններով, պատմել են մրցակցության մասին, ինչպես նաև նշել են, որ հասկացել են իրենց բացթողումներն ու մյուս անգամ, հնարավորության դեպքում ավելի պատրաստված կներկայանան մրցույթներին։
Թիմի ղեկավար Ա․ Ավագյանին պատմել է, որ տղաները շատ լավ են հանդես եկել․ «Չնայած առաջնությունը թիմային էր, սակայն մեր աշակերտներն այնքան պատրաստված են, որ կարող են նաև ինքնուրույն հանդես գալ նմանօրինակ այլ մրցույթներում»։
Թիմի մարզիչ Մ․ Լիսիցինայի խոսքով՝ աշակերտները, թեև շատ տարբեր են, սակայն նրանց հաջողվել է ընկերանալ և թիմային աշխատանք կատարել՝ օգնելով ու լրացնելով միմյանց։
Հանդիպման վերջում տնօրեն Ա․ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել թիմի ղեկավարի և մարզիչին կատարած աշխատանքի համար և շեշտել է, որ սաների բոլոր նվաճումներն անպայման խրախուսվելու են։