«Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն»․ պատմել են Յորքի համալսարանի ներկայացուցիչները

Մասնագիտական կողմնորոշման հանդիպումների շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» են այցելել Յորքի համալսարանի եվրոպական կոմպուսի Սիթի քոլեջի ներկայացուցիչները։

Մինչ հանդիպումը սկսելը ԳԱՈՒՍ–ի ուսումնական և դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Ելենա Ամիրխանյանը, դիմելով ավագ դպրոցի աշակերտներին, ասել է,– «Մենք պարբերաբար իրականացնում ենք մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպումներ, սա այդ հանդիպումներից հերթականն է։ Դուք այսօր կիմանաք, թե ինչպես է պետք ընտրել մասնագիտություն, ինչպես նաև կծանոթանաք Յորքի համալսարանին։ Հիշեցնեմ, որ մեր երկու շրջանավարտ արդեն իսկ սովորում է այդ համալսարանում»։

Մաղթելով հանդիպմանը հաջող ընթացք՝ Ելենա Ամիրխանյանը խոսքը փոխանցել է Յորքի համալսարանի եվրոպական կոմպուսի Սիթի քոլեջի ուսանողների հավաքագրման տնօրեն Գրիգորի Դիքեյոսին։

Ողջունելով ներկաներին՝ ուսանողների հավաքագրման տնօրենն ասել է, որ մեծագույն հաճույք է գտնվել Հայաստանում և շփվել երիտասարդ սերնդի հետ։ Նա նշել է, որ այսօր մասնագիտական ընտրության հարցում պետք է լինել շատ զգույշ և հաշվենկատ, քանի որ ժամանակներն արագ փոխվում են և սիրելի մասնագիտացումը կարող է հնանալ և դառնալ անպետք։

«Մասնագիտության ընտրության հարցում պետք է ինքներս մեզ հարցնենք՝ ի՞նչն է մեզ հետաքրքրում, և ո՞րն է իրականությունը։ Մեզ հետաքրքրող մասնագիտությունը գուցե իրական կյանքում այլևս տեղ չունի, և սխալ ընտրության դեպքում մենք ստիպված կլինենք ամեն ինչ սկսել նորից»,– ասել է Գրիգորի Դիքեյոսը։

Հյուրը նաև նշել է, որ երբ մասնագիտության ընտրության հարցը կայացել է, ապա պետք է նույն լրջությամբ ընտրել համալսարանը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, որոնցից են բուհի վարկանիշը, հետազոտողների թվաքանակը, գիտական առաջընթացի հնարավորությունները, կրթաթոշակը և այլն։

Հանդիպման վերջում Գրիգորի Դիքեյոսը ներկայացրել է նաև Յորքի համալսարանի եվրոպական կոմպուսի Սիթի քոլեջն ու այնտեղ առկա կրթական ծրագրերը՝ նշելով, որ ընդունելության մանրամասներն իմանալու համար աշակերտները կարող են դիմել անձամբ իրեն։