Աշխարհագրություն առանց սահմանների․ ՈՒՍՀ-ի աշակերտները մասնակցել են միջազգային մրցույթի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ընթացքում շնորհակալագրեր և հուշանվերներ են հանձնվել 9-րդ դասարանների աշակերտներին՝ Ռուսական աշխարհագրական ընկերության «Դասարանական աշխարհագրություն» նախագծային մրցույթին ակտիվ մասնակցության համար։

Մրցույթը ավանդաբար անցկացվում է Ռուսաստանում, սակայն այս տարի «Մեր ապագան» հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը դարձել է առաջին արտասահմանյան երկիրը, որի դպրոցականները մասնակցել են նախագծին՝ միջազգային հարթակում ներկայացնելով իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները։

Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած ավելի քան 300 դպրոցներից երկրորդ փուլ են անցել ընդամենը 50 թիմեր, որոնց թվում է եղել նաև համալիրի թիմը։

Մրցույթի երկրորդ փուլում ՈՒՍՀ աշակերտները պատրաստել և ներկայացրել են թատերականացված դաս՝ նվիրված հայտնի հետազոտող Գուստավ Իվանովիչ Ռադդեի ներդրմանը Հայաստանի ուսումնասիրման գործում։ Ներկայացման ընթացքում համադրվել են պատմական փաստերը, թատերական տարրերը և նյութի ներկայացման ստեղծագործական մոտեցումը, ինչը դասը դարձրել է միաժամանակ ուսուցողական և հետաքրքիր։

Պաշտոնական հանդիպման շրջանակում հիմնադրամի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը Ռուսական աշխարհագրական ընկերության անունից շնորհակալագրեր է հանձնել համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանին և «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Հակոբյանին։

Աշակերտները նույնպես արժանացել են շնորհակալագրերի՝ մրցույթին իրենց ակտիվ և արդյունավետ մասնակցության համար։