Կոմանդոսը մեր համալիրում
Մեր կրթահամալիրում Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ կազմակերպվել էր տոնական համերգ-միջոցառում, որին ներկա էր Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, նույն ինքը՝ Կոմանդոսը: Միջոցառման ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր ուղղեցին և պատասխանը ստացան հենց Կոմանդոսից։ Մեր օրերի կենդանի հերոսն իր կյանքի ուշագրավ պատմություններով կիսվեց ներկաների հետ, պատմեց հայտնի «Հարսանիք լեռներում» գործողության, մարտական ընկերների, պատերազմի դժվարությունների և հաղթանակի բերկրանքի մասին: Պատասխանելով աշակերտներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին, նա նորից իրեն հատուկ համեստությամբ նշեց. «Ես առանձնապես ոչինչ չեմ արել: Պարզապես խորհրդային իշխանությունն ինձ սովորեցրել էր ռազմարվեստ՝ մարտական ու տեխնիկական բաղադրիչներով, իսկ ես այն փոխանցել եմ գործընկերներիս: Ես ոչինչ չէի կարող անել առանց իմ զինվորների, հաղթանակը նրանք են կերտել»: Իսկ աշակերտներից մեկի այն հարցին, թե Կոմանդոսը բացի ուսուցիչների կողմից շատ հորդորվող «Սովորե՛լ, սովորե՛լ, սովորե՛լ»-ից, էլ ինչ կմաղթի աշակերտներին, Կոմանդոսը պատասխանեց, որ գոյի պայքարում ի վերջո հաղթում է ուժեղը, հաղթում է գիտելիքով զինվածը: Այսինքն՝ ճիշտ է․ պետք է սովորե՛լ, սովորե՛լ, սովորե՛լ: Հանդիպման ավարտին դպրոցի աշակերտները Կոմանդոսին նվիրեցին իր՝ իրենց իսկ ձեռքով նկարած դիմանկարը: Հանդիպումը կենդանի դաս էր մեզնից յուրաքանչյուրի համար և կոչ՝ կյանքերի գնով ձեռք բերվածը ամուր պահելու։