Դասերը հագուստի մոդելավորման խմբակում
Մեր համալիրում հագուստի մոդելավորման դասընթացներն անցկացվում են կահավորված և համապատասխան նյութերով հագեցած դասասենյակում, որտեղ իրականացվում են հագուստի պատրաստման և մոդելավորման տեսական և գործնական դասեր:
Դասընթացին մասնակցում են միջին և ավագ դասարանների աշակերտներ, որոնք հետաքրքրված են հագուստի մոդելավորմամբ: Դասերն անցնում են ջերմ մթնոլորտում: Աշակերտների մոտ ձևավորվում են այնպիսի կարողություններ և հմտություններ, որոնք նախապայման են հագուստի մոդելավորման գործընթացի համար:
Որևէ ոճ քննարկելիս նրանք հիմնականում հակված են ժամանակակից նորաձևության և դիզայներական տների տենդենցներին, այն է՝ ստեղծել ազատ և հարմարավետ հագուստ:
Ի դեպ, հագուստի մոդելավորման խմբակի աշակերտուհիներն ակտիվ ներգրավված են նաև դպրոցում իրականացվող միջոցառումների որոշ հանդերձանքների պատրաստման գործընթացներում: Օրինակ՝ ստեղծվել են սև կիսաշրջազգեստներ դպրոցում իրականացվող միջոցառումների համար, տարազի կտորե ժիլետներ հայկական ավանդույթներին վերաբերող միջոցառումների համար , գոգնոցներ խոհարարական խմբակի համար, թիկնոցներ սահադաշտում բեմադրվող միջոցառման համար։
Նշենք, որ աշխատանքները հիմնականում կրում են թեմատիկ բնույթ, որտեղ պահպանվում է նաև ազգայինը: