Պարը մեր դպրոցում
Մեր դպրոցում աշակերտների կրթական ծրագրի բաղկացուցիչ է պար առարկան։ Պարը հազարամյակների պատմություն ունի: Պարային արվեստը մշակույթի անբաժանելի մասն է, որն իր մեջ ամփոփում է բոլոր ժողովուրդների սովորույթները, ավանդույթներն ու կենցաղը: Պարարվեստի հիմքը դասական պարն է, որը համարվում է պարարվեստի քերականությունը: Ի դեպ, դասական պարը եզրույթ է, որն ի հայտ է եկել Ռուսաստանում 19-րդ դարի վերջին:
Մեր կրթահամալիրի պար առարկայի ուսուցչուհիներից Հասմիկ Ղուլյանը նշեց, որ պարը հնարավորություն է տալիս երեխաներին ունենալ մարմնի ճիշտ կոորդինացիա, մկանային ճկունություն, գլխի, ձեռքերի և ոտքերի ազատ շարժունակություն: Պարը կարևոր է կեցվածքի, կառուցվածքի, մտքի, խոսքի և ինտելեկտի համար: Պարի միջոցով երեխաների մոտ հաճախ հանդիպող հոգեբանական խնդիրները հեշտությամբ հաղթահարվում են: Այն իր ուրույն ազդեցությունն ունի երեխաների դաստիարակչական և գեղագիտական ճաշակի վրա:
Պարով զբաղվելը ոչ միայն ցանկալի է, այլև՝ առողջարար: Օրինակ՝ հին Հունաստանում պարի միջոցով բուժում էին: Այժմ էլ շատ զարգացած երկրներում գործում են պարի թերապիայի դպրոցներ: Պարի բուժական նշանակությունը գիտականորեն ձևավորվել է 1966 թվականին ԱՄՆ-ում: