Էրիկ Հասրաթյանի եզակի ձեռքբերումները
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ ներկայացնող, աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է ավելի քան 80 երկրում շուրջ 7 մլն երեխայի մասնակցությամբ: Հայաստանում և Արցախում, «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով, «Կենգուրուի» շարքերը տարեցտարի համալրում են նոր հայ դպրոցականներ, ովքեր մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ իրենց ուժերը փորձում են մրցույթում:
«Կենգուրուն» մեծ ոգևորություն առաջացրեց ու շատ արագ վերածվեց ոչ միայն ամենասիրված մրցույթի, այլև իսկական մանկական մաթեմատիկական շարժման: Այս տարի ավելի քան 25․000 աշակերտ իր գիտելիքներն է չափել այբական մրցույթներում մաթեմատիկա և հայոց լեզու առարկաներից։ Միայն «Կենգուրու» մրցույթում հայտնի է 28 հաղթող և 407 լավագույն արդյունք ցուցաբերած մասնակից։
«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը նույնպես վայելում է մեծ հետաքրքրություն աշակերտների շրջանում։ Այն նախատեսված է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար` նպատակ ունենալով հետաքրքիր և գրավիչ առաջադրանքների միջոցով հայերենն ավելի սիրելի դարձնել մեր աշակերտների համար։
Մեր կրթահամալիրի սան Էրիկ Հասրաթյանը հավաքել է առավելագույն միավորներ միաժամանակ երկու մրցույթներում։ Սա եզակի արդյունք է, որը վերոնշյալ մրցույթների պատմության մեջ պատահել է շատ հազվադեպ։
Էրիկի մայրիկի խոսքով մրցույթները բավական բարդ էին, բայց երեխան կարողացել է հաղթահարել բոլոր փուլերը։ Նրա խոսքով շատ է կարևորվել ոչ միայն գիտելիքների առկայությունը այլև մտքի ճկունությունն ու ճիշտ կողմնորոշվելու կարողությունը։
Էրիկը մտադրված է հավասարապես լավ սովորել բոլոր առարկաները, վստահաբար չծուլանալ և ավագ դպրոցում արդեն կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։ Նա տատանվում է ռոբոտաշինության մասնագետ կամ ֆիզիկոս դառնալու միջև։Նրա երազանքն է ստեղծել ժամանակի մեքենա։