ԳԱՈՒՍ թիմի աշխատանքը՝ Գ․ Գրիգորյանի անվ․ գիտաժողովի հաղթողների շարքում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 7-րդ «բ» դասարանի աշակերտներ Լիլի Արսենյանը, Էմիլիա Մկրտչյանը և Մարի Մարտիրոսյանը «Աշխարհագրություն» առարկայի շրջանակում մասնակցել են «Այբ» դպրոցում կազմակերպված Գագիկ Գրիգորյանի անվան 4-րդ համադպրոցական գիտաժողովին և դարձել «ԱԼավագույն թվային բնագիտական հետազոտություն» անվանակարգի հաղթող աշխատանքի հեղինակներ։

Առարկայական ուսուցիչ Լուսինե Հակոբյանի խոսքով՝ գիտաժողովի նպատակն է մեծացնել դպրոցականների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրությունը, ստեղծել արժեքավոր փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև խթանել և ամրապնդել աշակերտների հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ։

Մեր սաները գիտաժողովին ներկայացրել են «Կեչու տերևների գույնի փոփոխության և տերևաթափի ուսումնասիրությունը «GrowApp» հավելվածի միջոցով» աշխատանքը, որն իրականացվել է NASA-ի GLOBE («The Global Learning and Observations to Benefit the Environment») ծրագրի մեթոդաբանությամբ։

Արդյունքում ԳԱՈՒՍ թիմի աշխատանքը ճանաչվել է հաղթող «Լավագույն թվային բնագիտական հետազոտություն» անվանակարգում։

Շնորհավորում ենք մեր աշակերտներին և նրանց ուսուցչուհուն՝ այս կարևոր ձեռքբերման առթիվ։