ԳԱՈՒՍ թիմը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի հաղթող

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի թիմը նվաճել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ, World Robot Olympiad) ազգային փուլի առաջին հորիզոնականը։

Ամեն տարի անցկացվող օլիմպիադայում մեր դպրոցը ներկայացրել է երեք թիմ, որոնցից ինֆորմատիկայի ուսուցիչ Գոհար Տեր-Ղուկասյանի ղեկավարած, կրտսեր տարիքային խմբում հանդես եկած «Logic Legends» թիմը RoboMission (Ռոբո-Առաքելություն) անվանակարգում գրավել է պատվավոր առաջին տեղը։

Հաղթանակի շնորհիվ մեր թիմը իրավունք է ստացել ներկայացնելու Հայաստանը Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլում, որը կկայանա Խորվաթիայում։

Թիմի անդամներն են՝ 5-րդ (փոխադրված՝ 6-րդ) դասարանի աշակերտ Դավիթ Թադևոսյանը և 6-րդ դասարանի աշակերտ Ֆելիքս Աբրահամյանը։

Նշենք, որ 2026 թվականի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի թեման է՝ **«Ռոբոտները և մշակույթը»**։ Այս տարվա մրցույթի շրջանակում մասնակից թիմերն ուսումնասիրում են, թե ինչպես կարող են ժամանակակից տեխնոլոգիաներն ու ռոբոտաշինությունը նպաստել արվեստի և մշակույթի ձևավորմանը, պահպանմանն ու զարգացմանը։ Մասնակիցները ստեղծարար լուծումներով ներկայացնում են, թե ինչպես կարող են ռոբոտները դառնալ մարդկային պատմությունների, ավանդույթների և մշակութային արժեքների պահպանման ու փոխանցման գործիք։

Ռոբոտաշինության ոլորտում մեր աշակերտների ձեռքբերումները ևս մեկ անգամ փաստում են, որ «Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիրում կարևոր տեղ է հատկացվում նորարարությանը, տեխնոլոգիական կրթությանը և ստեղծագործ մտածողության զարգացմանը։

Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մարզիչ Գոհար Տեր-Ղուկասյանին՝ գրանցած փայլուն արդյունքի կապակցությամբ և մաղթում հաջողություն միջազգային հարթակում։