Համագործակցության հուշագիր «Ղրղզստանի Գազպրոմ դպրոց»-ի հետ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի և «Ղրղզստանի Գազպրոմ դպրոց» հասարակական ֆոնդ ոչ առևտրային կազմակերպության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը հիմք է դառնալու երկու հաստատությունների միջև կրթական լավագույն փորձի փոխանակման համար։
Հուշագրի կնքման համար ՈՒՍՀ հրավերով Հայաստան են ժամանել Բիշքեկում գտնվող Գազպրոմ դպրոցի տնօրեն-վարչության նախագահ Տատյանա Կուզնեցովան, տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Տատյանա Ժդանովան և զարգացման ու շարունակական կրթության ղեկավար Եկատիրինա Մամեդովան։
Հիմնարկում ղրղզական պատվիրակության անդամներին դիմավորել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը, տնօրենի տեղակալներ Զավեն Առաքելյանը, Ելենա Ամիրխանյանը, Էմին Սանթրոսյան և Գևորգ Մխիթարյանը, ՏՏ ոլորտի պատասխանատու Պարույր Վարդերեսյանը, դպրոցի ուսումնական աշխատանքների պատասխանատու Լուսինե Գալստյանը, լրացուցիչ կրթության պատասխանատու Տամարա Բաղդասարյանը և մարքեթինգի գծով գլխավոր մասնագետ Մարինե Առաքելյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց հաստատությունները, խոսել սաների կրթական, սպորտային և մշակութային ձեռքբերումների մասին, անդրադարձել համագործակցության հեռանկարներին։
Պաշտոնական հանդիպման ավարտին Հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը և «Ղրղզստանի Գազպրոմ դպրոց»-ի տնօրեն Տատյանա Կուզնեցովան ստորագրել են համագործակցության հուշագիր։
Ստորագրող կողմերը պայմանավորվել են իրականացնել կրթական փորձի և լավագույն փորձառությունների փոխանակում, համագործակցել մանկավարժական և վարչական կազմերի որակավորման բարձրացման ոլորտում, ինչպես նաև կյանքի կոչել համատեղ կրթական և դաստիարակչական նախագծեր։ Հուշագրով նախատեսվում է նաև զարգացնել սովորողների ակադեմիական շարժունակությունը, ընդլայնել համագործակցության թվային հարթակները՝ հնարավորություն տալով իրականացնել առցանց միջոցառումներ ու ծրագրեր։
Պատվիրակության անդամները նաև շրջայց են ունեցել ՈՒՍՀ տարածքում՝ ծանոթանալով նախադպրոցական և դպրոցական կրթության իրականացման պայմաններին, կրթական միջավայրին, սպորտային ենթակառուցվածքներին ու տեխնիկական հագեցվածությանը։
Այցի շրջանակում հյուրերը հնարավորություն են ունեցել մասնակցել ռուսական 2-րդ դասարանի կողմից կազմակերպված գրքի տոնին և հայկական ազգային տոներից մեկին՝ Տեառնընդառաջին, ինչպես նաև ծանոթացել են հայկական պատմական ու մշակութային ժառանգությանը։