ՀՀ-ում ՌԴ դեսպանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՈՒՍՀ

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկ և մասնակցել Ամանորին և ՌԴ Սահմանադրությանը նվիրված միջոցառումների։

Պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, նրա տեղակալ Եկատիրինա Անդրեեան և Դեսպանատան երկրորդ քարտուղար Ելենա Միան, դիմավորել են ՈՒՍՀ տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը և Հիմնարկի ղեկավարության մյուս անդամները։

Հյուրերը նախ շրջել են ՈՒՍՀ ռուսական դասարաններում և ունկնդրել Ռուսաստանի Դաշնության սահմանադրությանը նվիրված ցերեկույթը, ապա ներկա են եղել 4-րդ գ դասարանի աշակերտների պատրաստած Ամանորյա միջոցառմանը։

Այցի մշակութային մասից հետո Ա․ Գրիգորյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի արծաթե կրծքանշաններ է հանձնել Ն. Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինին և Վադիմ Ֆեֆիլովին։ Դեսպանին իր պատրաստած նվերն է հանձնել նաև ՈՒՍՀ սան, Հրանտ Թադևոսյանի անվան կրթաթոշակակիր Էրիկ Հասրաթյանը։

Հանդիպման ավարտին կողմերը կարծիքներ են փոխանակել Հիմնարկի կրթական համակարգի, սաների հաջողությունների և շրջանավարտների ձեռքբերումների մասին։