Մայիսյան 9-ը կրթահամալիրում

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել․․․

Մայիսյան հաղթական եռատոնը մեր աշակերտները նշեցին նախ պատմական անդրադարձով, քանի որ պատմությունն անգնահատելի հարստություն է, իսկ հաղթանակ կերտած հերոսների հայրենասիրությամբ պիտի դաստիարակվեն, ոգեշնչվեն ու գալիք հաղթանակները կերտեն ապագա սերունդները։

Մեր աշակերտները ներկաներին պատմեցին թե ինչպես 80 տարի առաջ հայ ժողովուրդն իր ներդրումն ունեցավ Հայրենական պատերազմի հաղթանակի կերտման գործում, թե ինչպես հայ զինվորները մեր հաղթական քոչարին պարեցին Բեռլինում՝ Ռեյխստագի մոտ։ Նույն հաղթական ոգով՝ 1992թ․-ին ազատագրեցին բերդաքաղաք Շուշին՝ բարեհաջող իրականացնելով «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի մասին մեր աշակերտները գիտեն հենց դրա իրականացնող Արկադի Տեր-Թադևոսյանից ում հետմահու շնորհվեց ՀՀ ազգային հերոսի կոչում։Միջոցառման ժամանակ ներկաները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին լեգենդար հրամանատարի հիշատակին։

Մեզ բախտ էր վիճակվել հյուրընկալել Կոմանդոսին մեր կրթահամալիրում, իսկ հանդիպումից աշակերտները մի կենսական դաս սերտել են. «Գոյի պայքարում ի վերջո հաղթում է ուժեղը, հաղթում է գիտելիքով զինվածը»․Կոմանդոս:

Ցավոք, արցախյան երկրորդ պատերազմում մենք ունեցանք տարածքային զիջումներ, որոնց մեջ էր նաև Շուշին։ Բայց, ինչպես նշում են մեր աշակերտները, պատերազմներն արթնացնում ու համախմբում են ժողովրդին, այս դեպքում Շուշիում հայոց եռագույնը կրկին ծածանելու գաղափարի շուրջ։