«Սիրիուս» կրթական կենտրոնը սպասում է մեր սաներին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի և «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակում Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանն այցելել է Հիմնարկի դպրոց՝ ներկայացնելու Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» դաշնային տարածքը և «Սիրիուս» կրթական կենտրոնը։
Մինչ միջոցառումը սկսելը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Վ․ Կարապետյանին մշտապես Հիմնարկի նախաձեռնությունները սատարելու և հատուկ վերաբերմունքի համար։
«Պարոն Կարապետյանը Հիմնարկի ստեղծման առաջին իսկ օրերից եղել է մեր հավատարիմ գործընկերը։ Մենք գնահատում ենք ստեղծած համագործակցային կապը և երկար տարիների փոխհարաբերությունները, որոնց համար պարոն Կարապետյանին պագևատրելու ենք Հիմնարկի արծաթե կրծքանշանով», -ասել է տնօրենը։
Պագևատրումից հետո Վ․ Կարապետյանը նախ շնորհավորել է Հիմնարկի ղեկավարությանը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի վավերացման կապակցությամբ, ապա ներկայացրել է «Սիրիուս» կրթական կենտրոնը:
«Կենտրոնը նպատակ ունի վաղ տարիքում հայտնաբերել, զարգացնել և հետագայում մասնագիտական աջակցություն ցուցաբերել այն շնորհալի երեխաներին, ովքեր ունեն նշանակալի ձեռքբերումներ արվեստի, սպորտի և բնական գիտությունների ոլորտներում, ինչպես նաև հաջողությունների են հասել տեխնիկական ստեղծարարության գործում»,- ասել է բանախոսը։
Նա պատմել է կենտրոնի ընձեռած հնարավորությունների, կրթական ծրագրերի, ենթակառուցվածքների հագեցվածության, մասնագիտական թիմի մասին։