Շնորհավորում ենք՝ ամփոփելով
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ աշակերտներ,
Եթե փորձենք ամփոփել անցնող տարին՝ կփաստենք, որ տարին անսպասելի բարդությունների առաջ կանգնեցրեց մարդկությանը՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, ինչից փոխվեց բոլորիս և՛ աշխատանքային գործունեության կազմակերպումն ու իրականացումը, և՛ կյանքի ընթացքը։ Ու մինչ մենք՝ աշխարհին զուգընթաց, դիմակայում էինք համավարակին՝ վերազինելով մեր անձնակազմին ու մեր նյութատեխնիկական հնարավորությունները, մեր երկրում սկսվեց պատերազմ, որին անմասն չմնաց մեր կրթահամալիրը ևս։ Առաջին օրվանից հայրենիքի պաշտպանությանը լծվեցին մեր աշխատակիցներից մի քանիսը, իսկ ողջ անձնակազմն ու աշակերտները միացան սոցիալական աջակցության բազմաթիվ ու տարաբնույթ նախաձեռնությունների։ Սոցիալական ծրագրերը մեր կողմից ինչպես մինչև այդ են իրականացվել, այնպես էլ հիմա շարունակում են իրականանալ, և քանի որ մենք կարևորում ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը արդեն անձնակազմի ու աշակերտների համատեղ ջանքերով շուրջ 7 միլիոն դրամ ենք նվիրաբերել Հայաստան Համահայկական հիմնադրամին, միացել ենք նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ պատերազմի ընթացքում զոհված և հաշմանդամ դարձած զինվորներին ու նրանց ընտանիքներին օժանդակելու ծրագրերին, որի ընթացքում մեր համալիրի անձնակազմը՝ 1 տարվա կտրվածքով, հիմնադրամին կնվիրաբերի շուրջ 2.4 միլիոն դրամ, մենք մեզ վրա ենք վերցրել Արցախից տեղահանված 16 աշակերտի անվճար կրթության կազմակերպումը։ Ինչպես նախորդ տարի Ամանորի նախաշեմին կազմակերպեցինք բարեգործական ցուցահանդես-վաճառք, որի հասույթն ուղղվեց Տավուշի մարզի սահմանապահ գյուղերից մեկին, այնպես էլ այս տարի կազմակերպվեց ցուցահանդես-վաճառք, որի հասույթն ուղղվելու է Սյունիք։
Կրթահամալիրն իր գործունեությունն իրականացրեց այս բոլորին զուգընթաց, ունենալով ձեռքբերումներ ու դժվարություններ։ Համավարակով պայմանավորված անցում կատարվեց առցանց ուսուցման, ինչը աննախադեպ էր մեր կրթական միջավայրում և շատ արագ գործի դրվեցին բոլոր ջանքերը՝ կրթական տեղեկատվական գործիքների ներդրման ու արդյունավետ կիրառման համար։ Կրթական գործընթացի անխափան ու արդյունավետ իրականացումը ունենալով որպես հիմք կարողացանք սահմանել նաև աշակերտներին խթանող կրթաթոշակներ, վերապատրաստեցինք անձնակազմին և գրանցեցինք լավ արդյունքներ բոլոր ասպարեզներում։ Հավատում եմ, որ միասնական ջանքներով, բարեխիղճ աշխատանքի ու պրոֆեսիոնալիզմի մեկտեղմամբ հաջողվելու են մեր բոլոր նախաձեռնությունները։
Անցնող 2020 թվականը մեր ժողովրդի պատմության աղետալի էջերից է, որի դեմ պետք է պայքարենք հզոր հայրենիք կերտելով միայն։ Հենց այս ձգտումով մենք նոր տարի ենք մտնում նոր սպասումներով ու լուսավոր ապագայի մասին տեսլականներով: Թող գալիք տարին և հետագա բոլոր տարիները լինեն վերելքի ու ձեռքբերումների տարիներ:
Նոր՝ 2021 թվականին մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին երջանկություն, խաղաղություն, սեր և ձեռքբերումներ: Մաղթում եմ բեղմնավոր գործունեություն ի բարօրություն ձեր ընտանիքի, մեր համալիրի ու մեր երկրի։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: