Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը
Հունվարի 29-ին կայացավ Ուսումնա-սպորտային համալիրի Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը նախագահում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ֆինանսների և էկոնոմիկայի գծով տեղակալ Կարեն Մովսեսյանը։ Խորհրդի անդամներից ներկա էին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն, ֆ․մ․գ․դ․ պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը, Հայ-Ռուսական համալսարանի ֆիզկուլտուրայի և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, ՀԱՕԿ նախագահի խորհրդական, մ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Գրիգորյանը, իսկ «ՔՎԱՆՏ» վարժարանի տնօրեն, ֆ․մ․գ․թ․ Ռոբերտ Վարդանյանը և ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան, մ․գ․թ․, դոցենտ Հեղինե Խաչատրյանը նիստին մասնակցել էին առցանց եղանակով։ Նիստին ներկա էին համալիրի տնօրենությունը, ուսումնադաստիարակչական գծով պատասխանատուները, ամբիոնների վարիչները և այլ ոլորտային պատասխանատուներ։
Նիստի ընթացքում համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց հիմնարկի 2019-2020 թվականների գործունեությունը։ Քննարկվեցին համալիրի ուսումնական և սպորտային ուղղություններով զարգացման տեսլականներն ու դրանց իրականացմանն ուղղված քայլերը։ Ներկաները բարձր գնահատեցին կրթահամալիրի գործունեությունը, հուսալով, որ նորանոր ձեռքբերումներն անխուսափելի կլինեն նաև 2021թվականին։