Տյառնընդառաջ
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։
Տոնի Տյառնընդառաջ անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:
Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն նվեր մատուցեր և աղոթեր: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչև տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա հրաշքով զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:
Ծեսը լույսի մի յուրօրինակ տոնախմբություն է, որը Սիմեոն ծերունու` Քրիստոսին տված Լույս անվանման խորհուրդն ունի:
Նորապսակները այդ տոնական օրը գալիս են եկեղեցի, որի բակում մեծ խարույկ է վառվում, ուր երգվում են հոգևոր երգեր: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Փետրվարի 14-ին` Տյառնընդառաջի տոնական Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը։
Տոնի ժողովրդական ավանդույթներից այսօր պահպանվել է նաև խարույկավառությունը: Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը:
Տերընդեզի խարույկին վերագրվել են տարբեր հատկություններ: Կա մի հավատալիք, ըստ որի` չբեր կինը, այրելով իր քղանցքը Տրնդեզի կրակով, անպայման կհղիանա և արու զավակ կունենա: Տղամարդիկ կրակի վրայով թռել են նրա միջոցով մաքրագործվելու, իսկ երեխաները` չարից ազատվելու համար:
Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն:
Մեր դպրոցի և մանկապարտեզի սաները նույնպես նշեցին Տյառնընդառաջը. համալիրում կազմակերպվել էր խարույկավառություն:
Նյութի աղբյուրը՝ http://www.holytrinity.am/