Մեր համալիրի դպրոցի ուսուցչի դրույքաչափի վարձատրության բարձրացում ավելի քան 30 տոկոսով
Մեր դպրոցի մեծ ներուժը դպրոցի ուսուցիչներն են, ովքեր պատվով ընդունեցին նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ առաջ եկած մարտահրավերները։ Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո դպրոցի անձնակազմն ամբողջությամբ ընդգրկվեց հեռավար ուսուցման համար աուդիովիզուալ և ինտերակտիվ նյութեր նախապատրաստելու, մշակելու և անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխանեցնելու գործում, քանի որ առցանց դասավանդումն իր մեթոդներով ու գործիքներով խիստ տարբերվում է դասարանական դասավանդումից։ Դրա շնորհիվ է, որ մեր դպրոցն, ամբողջությամբ անցնելով առցանց ուսուցման, կարողացավ ապահովել դասացուցակով սահմանված բոլոր հնարավոր առարկաների դասավանդումը, ընդ որում՝ ոչ միայն ապահովվում է առարկաների դասավանդումը, այլև տարրական դասարանների աշակերտների համար կազմակերպվում է նաև դասապատրաստումը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրինությունը, գնահատելով մեր ուսուցիչների պատրաստակամությունն ու բարձր արհեստավարժությունը, նպատակահարմար է գտնում վերանայել մանկավարժների վարձատրությունը և ոգևորել բոլորիս համար դժվարին իրավիճակում։ Այսպիսով, 2020 թ․ ապրիլի 15-ից նախատեսվում է մեր համալիրի դպրոցի ուսուցչի դրույքաչափի վարձատրության բարձրացում ավելի քան 30 տոկոսով։
Վստահ ենք, որ միասին մենք անպայման կհաղթահարենք բոլոր փորձությունները և կհասնենք այն նպատակներին ու վերջնարդյունքներին, որոնք դրել ենք մեր առջև։ Մնացե՛ք տանը և եղե՛ք առողջ։