ԳԱՈՒՍ սանը վերադարձել է «Սմենա» կրթական ճամբարից
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 9-րդ բ դասարանի աշակերտ Միգել Արզանյանը Ռուսաստանում գործող «Սմենա» կրթական ճամբարից վերադարձել է մի շարք հավաստագրերով ու պարգևներով։
Հիշեցնենք, որ ՈՒՍՀ 9-րդ դասարանի աշակերտներ Ռաֆայել Մովսեսյանը և Միգել Արզանյանը մասնակցել են ՌԴ Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի կողմից կազմակերպված «Ռուսաց լեզուն մշակութային երկխոսության համար» միջազգային օլիմպիադային և հնարավորություն ստացել մասնակցել «Սմենա» կրթական ճամբարին։
Միգելը մեկնել է Ռուսաստան և երկշաբաթյա ճամբարի ընթացքում մասնակցել է մի շարք կրթական և մշակութային ծրագրերի, որոնց շրջանակում դրսևորել է հիմնավոր առարկայական գիտելիքներ և կարողություններ։
Ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի միջազգային փառատոնի ընթացքում մեր սանը ասմունքել է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» և Դանիել Վարուժանի «Ձոն» բանաստեղծությունները ու «Ազգի բառը» անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակի։
Նա մասնակցել է նաև «Ընկերության կամուրջ․ Ռուսաստան և Աշխարհ» միջազգային ծրագրին՝ բարելավելով լեզվական հմտությունները և ստանալով մասնակցության հավաստագիր։
Ճամբարային օրերի ընթացքում Միգելը հնարավորություն է ունեցել ներկայացնել Հայաստանը, հայկական մշակույթն ու խոհանոցը։
Մեզ հետ զրույցում նա պատմել է, որ ճամբարի շնորհիվ ոչ միայն հարստացրել է իր գիտելիքները ռուսական մշակույթի վերաբերյալ, այլև ծանոթացել է տարբեր ազգերի ավանդույթներին ու սովորույթներին։
«Ես շատ տպավորված եմ վերադարձել ճամբարից։ Կարծում եմ, որ մտահորիզոնս լայնացել է, իսկ ես դարձել եմ ավելի զարգացած մարդ», — ասել է նա։