Այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի 9–րդ դասարանցիները, ուսումնասիրելով հին և միջնադարյան գրականության հատվածը, այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ։ Հատկապես տպավորիչ էր «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատուն–թանգարան այցելությունը, որտեղ պահպանվում և ցուցադրվում են դարեդար աշխարհի տարբեր ծայրերում սփռված հայորդիների կողմից ստեղծված հոգևոր և մշակութային արժեքներ, եկեղեցական սրբություններ ու մասունքներ։ Վերջիններս օգնում են բացահայտել հայի հոգեկերտվածքը, տեսակը, հոգևոր, փիլիսոփայական, գեղագիտական համակարգերը, արժեհամակարգը։ Այցելության ժամանակ, երբ էքսկուրսավարը մանրամասն ներկայացնում էր յուրաքանչյուր գանձի ստեղժման պատմությունը, անցած ճանապարհը և նշանակությունը, կարծես թե դարերի խորքից լռության ձայնը ևս մեկ անգամ լսելի դարձավ մեր երիտասարդ սաներին։ Էքսկուրսիայի կազմակերպիչները՝ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը, գրականության ուսուցիչը և դասղեկը, լիահույս են, որ նմանատիպ մշակութային միջոցառումները պիտի օգնեն գնահատել և վերարժևորել ազգային, մշակութային և հոգևոր արժեքները, ինչպես նաև նպաստեն հայեցի հոգեկերտվածքի ձևավորմանը։